Դեռևս 2007թ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ապրիլի 25-ը հռչակվել է Մալարիայի համաշխարհային օր։ Այս տարվա կարգախոսն է՝ «Ժամանակն է հասնել մալարիայով հիվանդացության զրոյական աստիճանի»։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ, ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Մելանյա Շմավոնյանը նշում է, որ մի շարք երկրներում, մասնավորապես՝ աֆրիկական և ասիական, մալարիան ունի լայն տարածում։ Այն լուրջ, ծանր բեռ է առողջապահական համակարգի համար։ Հայաստանում վերջին տեղային 3 դեպք գրանցվել է 2006թ.-ին: 2011թ.-ից ԱՀԿ-ն մեր երկիրը հավաստագրել է որպես մալարիայից ազատ գոտի: Բժիշկ-գիտնականի խոսքով՝ մալարիայի ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց մոտավորապես 1-4 շաբաթ հետո, դրանք են՝ դող ու սարսուռով ուղեկցվող բարձր ջերմությունը, առատ քրտնարտադրությունը, ընդհանուր թուլությունը, գլխացավը։ «Ընդ որում՝ առաջին օրերին հիվանդությունը դրսևորվում է սակավաթիվ գանգատներով, կարող է բարձր ջերմություն չդիտվել, բայց պետք է հիշել, որ այն անձինք, ովքեր եղել են մալարիայի տարածվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրներում, օրինակ՝ Աֆրիկա, Հնդկաստան, վերադառնալուց հետո ցանկացած գանգատ առաջանալու դեպքում անպայման պետք է դիմեն բժիշկ-վարակաբանի»,-ասում է Մելանյա Շմավոնյանը։ Մալարիայի դեմ բուժում չստանալու դեպքում հիվանդությունը կարող է բարդանալ՝ հանգեցնելով սակավարյունության, տարբեր օրգանների ախտահարման, որոշ դեպքերում անգամ կարող է գրանցվել մահ։
Բժիշկ-ինֆեկցիոնիստը խորհուրդ է տալիս արևադարձային երկրներ մեկնելուց առաջ դիմել մասնագետի, խորհրդատվությամբ ընդունել հակամալարիային դեղամիջոցներ կանխարգելման նպատակով։ Արևադարձային երկրներում գտնվելիս, բացի կանխարգելիչ դեղամիջոցներ ընդունելուց, անհրաժեշտ է օգտագործել անհատական կանխարգելիչ միջոցներ, օրինակ՝ հագնել բաց գույնի հագուստ, որն ամբողջությամբ ծածկում է մարմինը, էլեկտրոնային վանիչ սարքեր (ռապտորներ), քսուկներ, որոնք կարող են վանել մոծակներին։
.png)